ԹԻԹԵՌՆԻԿԸ

Սար ու ձոր, դաշտ ու անտառ ողողվեցին արևի ոսկեզօծ շողերով: Լսվեց թռչունների վաղորդյան ճռվողյունը: Մեղմօրոր քամու շոյանքից թիթեռնիկն արթնացավ: Մեկ օրվա կյանք ուներ, պետք է շտապեր: Երփներանգ ծաղիկներով դաշտը կանչում էր նրան:

Առօրյա հոգսերի մեջ մարդիկ չնկատեցին թիթեռնիկին: Միայն երկվորյակ զանգակներն ու նորաբաց մանուշակները մեղմորեն ժպտացին գեղեցկուհուն:

Տոթ կեսօրին թիթեռնիկը հասավ սառնորակ աղբյուրին: Հիացավ արագոտն եղնիկներով: Երազանքով նայեց երկնքում թևածող ծիծեռնակներին:

Երեկո էր: Հողմակոծ քամին քշեց նրան: Թիթեռն անզոր թևերովդիմադրեց, բայց անօգուտ: Տարօրինակ և անսովոր դող զգաց: Սևորակ աչքերը փակվեցին:

Ապրեց կարճ, բայց գեղեցիկ կյանքով: