Աքաղաղն արթնացավ ու մտավ այգի: Կերավ որթատունկի խակ պտուղները, համտեսեց վարդենու թերթիկները: Հետո իրար հետևից մի քանի որդ կուլ տվեց: Քիչ անց սկսեց գալարվել փորի ցավից: Գթասիրտ հավիկը հանգստացնող դեղահաբ տվեց նրան ու պատվիրեց պառկած մնալ: Շուտով ցավը դադարեց, և աքաղաղը երդիկով դուրս թռավ: Այնքան վազվզեց դաշտում, որ քրտնեց ու նորից հիվանդացավ: Հավիկն այս անգամ էլ հոգատարությամբ խնամեց ընկերոջը:
Աշունն անցավ: Օդում արդեն զգացվում էր ձմռան շունչը: Հորդահոս գետակը պատվեց բարակ սառցաշերտով: Նրա վրայով սահելը վտանգավոր էր: Սակայն աքաղաղն անդրդվելի էր: Նա դարձյալ անտեսեց ընկերոջ խորհուրդը: Սառույցը կոտրվեց, աքաղաղն սկսեց խեղդվել: Հավիկը կոկորդով մեկ կչկչաց, օգնության կանչեց: Մարդիկ հասան ու մի կերպ փրկեցին անհնազանդ աքաղաղին:
