ՄԵՆԱՎՈՐ ԿՂԶԻՆ

Ծովի կապտածուփ ալիքները մեղմ համբուրում էին կղզու ժայռակոփ ափերն ու հուսախաբ հետ վազում: Մենավոր կղզին բոլոր կողմերից պատված էր ջրով, սակայն ոչ մի վտակ կամ աղբյուր չէր հոսում այնտեղ: Ծովն իր խոնավությամբ մշտապես դալար էր պահում կղզու մակերեսին սփռված երփներանգ թփերը: Վերևից նայողին կղզին ծաղկանկար ափսե էր հիշեցնում: Թմբաձև բլրից տարածվում էր նրբաթերթ հասմիկների ու դափնեվարդերի արբեցնող բուրմունքը: ժայռի ծերպերին աճած թմբլիկ թզենիներն ու կարմրավառ մասրենիները հափշտակված նայում էին վեր, կլանում արևի բորբ տաքությունը: Քիչ այն կողմ երկնահուպ կիպարիսները խաղում էին ճերմակափրփուր ամպերի հետ:

Թվում էր, թե կղզու արարման օրից ճամփորդի ոտքը երբևէ չէր դիպել այս վայրի հոդին: