ՇՐՋԱՀԱՅԱՑ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Առյուծն ու գայլը զրուցում էին: Գազանների արքան ասում էր, որ ձյունը սպիտակ է: Արևի շողերից այն փայլում է յոթներանգ ծիածանի գույներով: Ձյունապատ լեռնագագաթը նմանվում է հեքիաթային մարմարյա դղյակի: Համառ գայլը պնդում էր, որ ձյունը գորշ է:

Աշխույժ զրույցը վերածվեց վեճի: Սկսեցին միմյանց վիրավորել: Մեկը մյուսին այլևս չէր լսում:

Հանկարծ հայտնվեց նապաստակը: Գազանները նույն հարցով դիմեցին շլդիկին:

Շլդիկը երկյուղած նայեց առյուծի լայն երախին: Հետո աչքն ընկավ գայլի սրածայր ժանիքներին: Նա մի քայլ հետ գնաց ու վայրկենապես պատասխանեց, թե ձյունը սպիտակագորշավուն է:

Ասաց ու շուտափույթ թաքնվեց եղյամապատ ճյուղերի հետևում: